Logo
ECHR

Հարցազրույցներ

Լիազոր ներկայացուցչի հարցազրույցը Մեդիամաքսին

03.04.2019

- Բավականին երկար ժամանակ աշխատել եք վարչապետ  Տիգրան Սարգսյանի հետ, եւ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդականն եք։ Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել։

- Հեշտ չէ միանգամից պատասխանել։ Կարող եմ այսպես ձեւակերպել՝ եւ՛ նախկին վարչապետի հետ երկար ժամանակ աշխատելը եւ ներկայումս այս կառավարությունում աշխատանքն ինձ ավելի փորձառու է դարձնում։

- Եվ ի՞նչ փորձառություն է այն տալիս միջազգային իրավունքի մասնագետին։

- Իմ աշխատանքային գործունեության առաջնային տեղերից մեկը հենց կառավարությունն է՝ այն օգնում է մասնագիտական առումով դրսեւորվել։ Առաջին հայացքից  կարող է թվալ, որ պետական համակարգում աշխատանքը հեշտ է, սակայն այն բավականին բարդ եւ պատասխանատու ոլորտ է։ Բացի գիտելիքներից, պետք է նաեւ հմտություններ ու փորձ ունենաս, որոնք տարիների ընթացքում են ձեւավորվում։

- ՄԻԵԴ-ում ձեր նշանակումը անձամբ Ձեզ համար ինչո՞ւ էր կարեւոր։

- Եթե ասեմ, որ ՄԻԵԴ-ում հայտնվելու մասին երբեւէ չեմ մտածել, անկեղծ չեմ լինի։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի իմ մասնագիտացումը, վստահ էի, որ իմ կրթությունը, հմտություններն ու փորձը կօգնի  դրական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում։

- ՄԻԵԴ-ում դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության շահերը։ Ի՞նչ է ենթադրում այս գործառույթը։

- Սա երկուստեք աշխատանք է։ Մեկ կառավարությունն ես ներկայացնում ՄԻԵԴ-ում, մեկ՝ ՄԻԵԴ-ը քո երկրում։ Եվրոպայի Խորհրդի մեր գործընկերները շատ են սիրում ասել․ «Մի մոռացեք, որ դուք ոչ միայն ձեր կառավարության ներկայացուցիչն եք այստեղ, այլեւ կոնվենցիայի ներկայացուցիչն եք Ձեր երկրում»։

Այս աշխատանքի առաջին մասը պահանջում է, որ քո կառավարության շահերը ներկայացնես դատական պրոցեսների ընթացքում, երբ ընթանում է Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատի քննություն։

Երկրորդ մասն արդեն վերաբերում է ՄԻԵԴ վճիռների կամ որոշումների կատարմանը։ Երբ կայացվում է վճիռ կամ որոշում, որով հաստատվում է խախտումը, կամ միակողմանի հայտարարությունը, որն արել է կառավարության լիազոր ներկայացուցիչը։ Աշխատելով պետական մարմինների հետ, նա համակարգում է դրանց կատարման ընթացքը։

ՄԻԵԴ-ում գտնվելու իմաստը ոչ միայն դատական պրոցեսների ընթացքում պայքարելն է, կառավարության շահերը ներկայացնելը, դիմումատուների հետ հակառակ դատական կարգավիճակներում հայտնվելը: Ավելի կարեւոր է տեսնել մեծ պատկերը. առանցքային է, որ ի վերջո ամբողջ պրոցեսը նպաստի, որ մեր իրավական համակարգում ներդրվեն Եվրոպական կոնվենցիայով նախատեսված եւ ՄԻԵԴ  կողմից ամրագրված չափանիշները։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ինչ՞ու են Հայաստանից այդքան շատ դիմումներ հայտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

- Իրականում ՄԻԵԴ կողմից դիմումներ քննելը եւ խախտումներ արձանագրելը  կարելի է բնորոշել որպես «ախտորոշիչ» գործընթաց, որում դրսեւորում են մեր իրավական եւ դատական համակարգերի խնդիրները։ Դրանք ուսումնասիրելով պարզ է դառնում, որ կան որոշակի խնդիրներ, որոնք անընդհատ կրկնվում են։

- Օրինակ, ո՞ր խնդիրները։

- Բավականին ցավոտ խնդիրների մի ամբողջ խումբ է։

Կալանքի հետ կապված հարցերը, կոնվենցիայի հինգերորդ հոդվածի խախտումները։ Կալանքի կիրառման խնդիրներից մեկը դրա կիրառման պատճառաբանումն է, երբ երկարաձգվում է կալանքի ժամկետը դատարանի կողմից առանց լրացուցիչ խորանալու, թե արդյո՞ք անհրաժեշտ է երկարաձգել, թե ոչ, կամ չափից ավելի երկարատեւ կալանքը։ Այս խախտումը մի շարք վճիռներում նույնությամբ կրկնվում է բազմաթիվ անգամներ։

Ցավոք, մենք ունենք երրորդ հոդվածի խախտումերի մեծ քանակ՝ վատ վերաբերմունք, խոշտանգումներ։

Ամենաշատ հանդիպող խախտումներից է արդար դատաքննությունը։ Այն ներառում է արդարացի դատաքննության բոլոր բաղադրիչները՝ կողմերի իրավահավասարությունը, մրցակցության սկզբունքը, պատճառաբանված դատավճիռ/վճիռը, դատավարության ողջամիտ ժամկետը եւ այլն։

Ոլորտային ցավոտ խնդիրներից է բանակում՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում արձանագրող վճիռները։

Նմանատիպ գործերով ունենք կայացված վճիռներ, մի խումբ գործեր, որոնք հիմա գտնվում են կատարման ընթացքում եւ մենք շատ սերտ աշխատում ենք պաշտպանության նախարարության հետ՝ փորձելով հասկանալ, թե հիմնական խնդիրները որտեղից են գալիս։

- Համեմատության որեւէ սանդղակ կա՞, թե Հայաստանն արդարադատության այս խնդիրներով որ երկրին է հավասար, կամ, գոնե մոտ։

- Եվրոպայի խորհրդում կան երկրներ, որոնք շատ ավելի շատ վճիռներ ունեն, շատ ավելի շատ խնդիրներ ունեն, քան Հայաստանը, բայց սա ոչինչ չի նշանակում։

Օրինակ`Ռուսաստանը, Թուրքիան, որտեղ խախտումների տեսակները, լրջությունը էականորեն տարբերվում է, թեեւ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների կատարմամբ՝ բավականին առաջատար դիրքերում են։

Մեր արդարադատության խնդիրներն իրականում չի կարող վերացնել մեկ հոգի եւ մեկ օրում։ Այն պետք է համաձայնեցված եւ հետեւողական աշխատանքի արդյունք լինի, ներառի եւ օրենսդրական, եւ մտածելակերպի փոփոխություն, հասարակության մեջ որոշակի արժեքային հարց պետք է լուծի։ Անհրաժեշտ է նաեւ կանխարգելման միջոցներ ներդնել։

- Հեղափոխությունից հետո, տարբեր հարթակներից հնչում է, որ բարեփոխվում է արդարադատության ոլորտը։ Բարեփոխումներին ուղղված քայլերին զուգահեռ, արդյո՞ք նվազել են ՄԻԵԴ ներկայացվող բողոքները, թե ակտիվացել են այն մարդիկ, որոնք կարծում են, որ ՄԻԵԴ-ն է իրենց հարցերի լուծումը։

- Հիմա պատկերը ճշգրիտ չի կարող լինել։ ՄԻԵԴ-ի աշխատանքը շատ ծանրաբեռնված է, դատարանը շատ արագ չի կոմունիկացնում ստացված գանգատները, քանի որ, երբ գանգատը ներկայացվում է ՄԻԵԴ, բավական երկար ժամանակ է անցնում մինչ այն կհասնի եւ կներկայացվի կառավարությանը։

Եվրոպական դատարան ներկայացնելու գործընթացն ինքնին երկարատեւ է, քանի որ պետք է «սպառել» պետական միջոցները, նոր գնալ ՄԻԵԴ։

Ներկայումս դատարանը փոքր ինչ ավելի պարզեցված համակարգ է ներդրել, ավելի արագացրել է գործընթացը, բայց հիմա մենք տեղեկացվում ենք 1-5 տարի առաջ  ներկայացված գանգատների մասին։ Երեք տարի հետո արդեն պարզ կլինի, թե 2018-ին կամ 2019-ին ինչ տեսակի գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

- Կա՞ արդյոք վիճակագրություն, թե մինչեւ այսօր քանի որոշում է կայացվել Հայաստանի դեմ, եւ առհասարակ, որ դեպքերում են կայացվում նման որոշումներ։

- Կայացվել է 113 վճիռ, որոնց ճնշող մեծամասնությամբ հաստավել է Կոնվենցիայի խախտում: ՄԻԵԴ-ը կայացրել է նաեւ 73 որոշում, որոնք վերաբերում են տվյալ գանգատի ընդունելության կամ գործը ցուցակից հանելուն, օրինակ, հիմք ընդունելով կառավարության միակողմանի հայտարարությունը։ Եվրոպական դատարանում ներկայացված գանգատը մինչեւ կառավարություն հասնելը անցնում է մի քանի փուլ՝ գանգատը պետք է համապատասխանի պաշտոնական ձեւաչափի պահանջներին, հետո պետք է որոշվի, արդյո՞ք այդ գանգատն ընդունելի է, թե ոչ։ Եթե որոշվում է, որ ընդունելի է, նշանակում է, փաստարկները բավականին լուրջ են եւ հիմնավոր։ Եվ եթե գանգատն այդ բոլոր փուլերը անցնում է, ուրեմն շատ ավելի հավանական է, որ խախտումը կհաստատվի։

Երբ կայացվում է խախտում արձանագրող վճիռ, կառավարությունը պարտավորվում է վճարել արդարացի փոխհատուցում, որը ներառում է եւ նյութական, եւ ոչ նյութական վնասի համար փոխհատուցում։

- Ի՞նչ գումարների մասին է խոսքը։

- Դրանք շատ տարբեր են եւ կախված են հոդվածի տեսակից, խախտման լրջությունից, համակցությունից։ Դատարանը նաեւ պարտավորեցնում է հատուցել քաղաքացու իրավաբանի ծախսերը, խախտման հետեւանքով կրած բարոյական վնասը։

Օրինակ, ոչ նյութական վնասի փոխհատուցումը կարող է տատանվել մի քանի հազար եվրոյից մինչեւ 50 հազար եվրո։

- Ո՞ր դեպքերում է ՄԻԵԴ-ը կայացնում արագ որոշումներ։ Օրինակ, ինչպե՞ս կայացվեց գործարար Սամվել Մայրապետյանին առնչվող որոշումը։

- ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի համաձայն, քաղաքացիները դատարան կարող են դիմել, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ: Օրինակ, երբ անձի կյանքի եւ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ կա, դատարանը կայացնում է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում եւ պարտավորեցնում պետությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ, կամ ձեռնպահ մնալ որոշակի քայլերից։

Մայրապետյանի գործը հենց նմանատիպ գործ էր։ Հիմնվելով դիմումատուի առողջական վիճակի վրա, դատարանը կայացրեց որոշում՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Այսինքն` որոշակի պարտավորություն դրեց պետության վրա, որպեսզի պետությունն ապահովվի միջոցներ, որոնք այդ պահին անհրաժեշտ են նրա առողջության եւ կյանքի համար։

Դատարանը նման որոշումներ հազվադեպ է կայացնում։ Մեր պատմության մեջ սա 6-րդ դեպքն էր։

-  «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ ի՞նչ եք կարծում, եւ ի՞նչ քայլեր եք նախատեսել։ (2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՄԻԵԴ։ Ներկայացրած բողոքում նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ-խմբ)։

- Այս հարցը վարչապետի հետ էլ ենք քննարկում։ Փորձում ենք այնպիսի մոտեցում եւ կառուցակարգ մտածել, կիրառել, որ խուսափենք շահերի բախումից։ Որովհետեւ ես որպես վարչապետի խորհրդական եւ վարչապետին հաշվետու կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ներկայացնում եմ կառավարության շահերը այն գործում, որտեղ դիմորդը հենց վարչապետն է, եւ այստեղ  պոտենցիալ շահերի բախման իրավիճակ է։

Փորձում ենք մտածել այլ կառուցակարգ, միգուցե այլ իրավաբան ներգրավվենք կոնկրետ այս դրվագով։

Դատարանը մեզ գործի մասին կոմունիկացրել է հունվար ամսին եւ ժամանակ է տվել հաշտության համար մինչեւ ապրիլի 16-ը: Նման դեպքում, եթե կողմերը հաշտության համաձայնության չեն գալիս, սկսվում է երկրորդ փուլը՝ բուն դատական պրոցեսը։ Հիմա մենք հաշտության համաձայնության ժամկետի մեջ ենք։

- Ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն ունենք արդարադատության համակարգում, որ ՄԻԵԴ չհասնենք։

- Երբ խոսում ենք արդարադատության մասին, պետք է հաշվի առնենք, որ այն սկսվում է քրեական գործեր հարուցելուց/հայց հարուցելուց եւ չի ավարտվում վերջնական դատավճռի/վճռի հրապարակմամբ, ալ ներառում է նաեւ վճռի կատարման կարեւոր փուլը։

ՄԻԵԴ-ում  Հայաստանի դեմ կայացված դատավճիռների առանձնահատկությունները պետք է ուսումնասիրել ու հասկանալ, ինչո՞ւ է այս կամ այն հոդվածի խախտումն անընդհատ կրկնվում։ Դա մեր ամենակարեւոր խնդիրներից է։

Համակարգում քրոնիկ կրկնվող խնդիրները պետք է ուսումնասիրել՝ գնալով պատճառի հետեւից։ Մենք սիրում ենք խոսել օրենսդրական բարեփոխումների մասին եւ դա, իհարկե, կարեւոր է, բայց բավարար չէ: Օրենսդրությունը կիրառում են մարդիկ, եւ այդ մարդիկ պետք է իրենց մտածելակերպը փոխեն։ Իրավական համակարգում՝քննիչների, դատավորների, իրավաբանների գլխում արժեքային հեղափոխություն է պետք։ Սա ամենակարեւոր քայլն է։

Հարցազրույցը՝ Լուսին Մկրտչյանի

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Աղբյուր՝ https://www.mediamax.am/am/news/interviews/32854/

Նվեր Մնացականյանի հյուրը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանն է

19.12.2018

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե կիրակոսյանը «Հոծ գիծ» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի դերին և գործառույթներին, Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված և Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող գանգատներին, ինչպես նաև կայացած և սպասվող վճիռներին, արձանագրված հիմնական խախտումներին, դրանց կատարման ընթացքին և մի շարք այլ հարցերի:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի անդրադարձը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռին:

30.10.2015

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում, մասնավորապես, անդրադառնում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով  դատավարության կողմերի մասնակցությանն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին և դրա հնարավոր հետևանքներին:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» վճռի վերաբերյալ Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պարզաբանումները

26.10.2015

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է վճռի վերաբերյալ իր պարզաբանումները:

Հարցազրույցի ընթացքում Գևորգ Կոստանյանը անդրադարձել է Փերինչեքի գործի քննությանը՝ որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը և այդ կարգավիճակով Եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարության դիրքորոշմանն առաջադրված սահմանափակումներին, ինչպես նաև դատավարությանը մասնակցությամբ Հայաստանի հետապնդած նպատակներին և վճռի էությանը:

ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն անդրադարձել է նաև վերջերս Եվրոպական դատարանի հրապարակած մեկ այլ՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին:

Գևորգ Կոստանյան. «Ռ-էվոլյուցիա»

28.06.2015

Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ: Եթերում «Ռ-էվոլյուցիան» է: Մեկ շաբաթից ավելի է Հայաստանն ապրում է աննախադեպ բուռն քաղաքացիական քաղաքական կյանքով: Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տեղի ունեցող իրադարձությունները երկրում փոխել են թէ մթնոլորտը, թէ կատարվող զարգացումները: Այս իրադարձությունների ֆոնին օրերս հայտնի դարձավ ևս մեկ կարևոր նորություն: Հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության մասով գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ: Այս և այլ բազմաթիվ հարցերի շուրջ այսօր տաղավարում կզրուցենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

«Գևորգ Կոստանյան: Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977թ. Երևանում: 1999թ. ավատրել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դոցենտ է: Ատենախոսության թեման «Հայաստանի Հանրաետության ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006թ.-ից ուսումնառություն է անցել Մեծ Բ րիտանիայի Նոտինգեմի համալսարանում: 1995թ.-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: 2001թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 2003-ից մինչև 2004թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա մինչև 2006թ. կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 2006թ. մինչ 2008թ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնում: 2004թ. մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2008թ. հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահը: 2002թ. մինչ օրս դասավանդում է  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ներկայումս սովորում է Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է: Հայաստանի Հանրապետության նախագահի 2011թ. հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Ամուսնացած է: Ունի մեկ դուստր և մեկ որդի: Անկուսակցական է»:

  



Բարի երեկո պարոն Կոստանյան

-Բարև Ձեզ:

[…]

Վերադառնանք շատ կարևոր մի հարցի, պարոն Կոստանյան. անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռները` առաջարկելով 2 երկրների` Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այս մարդիկ կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ: Այս վճիռները հակասական գնահատականներ ստացան, նախ կցանկանայի` հեռուստադիտողի համար շատ կարճ, համառոտ գոնե ներկայացնեք գործերի էությունը և Ձեր գնահատականը տալ` շատ կարևոր է:

-Շատ լավ: Երկու վճիռներ են կայացվել, ընդ որում, երկու պրոցեսները սկսվել են զուգահեռաբար, պրոցես առաջին` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործ, այսինքն` Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող փախստականներ, հիմա արդեն քաղաքացիներ, իրենք դիմել են դատարան` ընդդեմ Հայստանի, պահանջելով, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց կարծիքով փոխհատուցի իրենց հասցված վնասները` պատերազմի արդյունքում տրված:

Իննսուներկուսից իննսունչորս թվականներին:

-Այո-այո, կոնկրետ այս դեպքում Լաչինի ազատագրման գործողությունների արդյունքում: Եվ երկրորդ հայցն. արդեն Հայաստանի... հայ փախստականները, կոնկրետ այս դեպքում` Գյուլիստանից հայ փախստականը, դիմել էր դատարան ընդդեմ Ադրբեջանի` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», նույն պահանջը դրել էր նաև Սարգսյանը` Ադրբեջանի դեմ: Եվ Եվրոպական դատարանը 2006 թվականից այս երկու հայցերը զուգահեռաբար, միաժամանակ տարավ ամբողջ ընթացքում:

Եվ միաժամանակ էլ` երկու վճիռը:

-Եվ միաժամանակ էլ` նույն օրն էլ վճիռը կայացրեց և հրապարակեց, այսինքն` բովանդակությունը սրանումն է. գույքային իրավունքների պաշտպանության մասին է  խոսքը:

Ձեր կարծիքով...վճռի մասին կուզեի, որովհետև տարբեր գնահատականներ են տրվում և ներսից գնահատականներ, որ Հայաստանը լավ փաստարկեր չներկայացրեց և Ձեր փաստարկները... և այս ընթացքում նաև կխոսենք ադրբեջանական մամուլով իրենց տեսակետների մասին:

-Փաստարկների մասով, որևէ մեկը հետևություններ անելուց առաջ, ես կարծում եմ, պետք է փաստարկներին ծանոթ լինի: Ինչպես արդեն ասացի, այդ պրոցեսը 10 տարի արդեն ընթանում է և այդ 10 տարվա ընթացքում առնվազն տարին երկու անգամ Եվրոպական դատարանի հետ և մյուս կողմի հետ, այսինքն` դիմումատուի հետ քննարկումներ են եղել` գրավոր եղանակով և յուրաքնչյուրը ներկայացրել է իր դիմումները, իր փաստարկները և այլն, և արդյունքում առնվազն մոտ 30 հատոր փաստաթղթերի մի ամբողջություն կա, որին ծանոթանալու արդյունքում, ես կարծում եմ, միայն որևէ մեկը կարող է հետևություններ անել` Հայաստանի դիրքորոշումը պատշաճ ներկայացվել է, թե` ոչ: Հակառակ դեպքում դրանք բոլորը բավարար հիմքեր չեն կարող ունենալ: Ես կարծում եմ, որ մենք բավարար չափով ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և արդյունավետորեն ներկայացրել ենք, ինչի մասին նաև խոսում է այդ փաստը, փաստ, որ Եվրոպական դատարանը այս դեպքում նաև փորձեց նաև պարիտետի սկզբունքով...

Հավասարակշռության...

-Այո, լուծումներ տալ, որպեսզի դա չքաղաքականացվի:

Բայց քաղաքականացվում է, հիմա կխոսենք դրա մասին: Դուք նշել էիք, այս վճռի կապակցությամբ Դուք նշել էիք, որ այս վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անուղղակիորեն ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի իշխանություններ, մեջբերեմ Ձեր խոսքից. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկելով Հայաստանի իրավազորության խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքում, եկել է կարևոր եզրահանգման, ֆիքսել է, որ Հայաստանն ունի ազդեցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և այդ ազդեցությունը դրսևորվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական և տարաբնույթ օժանդակություններ տրամադրելու եղանակով, սակայն, միաժամանակ, Եվրոպական դատարանը ֆիքսել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնում իշխանություն Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես պնդում էին դիմումատուները, այս դեպքում` Ադրբեջանցիները, այսինքն` դատարանը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույնն իշխանություն, որն իրականացնում են իր տարածքում և Հայաստանի Հանրապետության իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում»: Կարո՞ղ են, պարոն Կոստանյան, այս վճիռները որոշակի կամ անուղղակի ազդեցություն ունենան Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վրա: Ինչու՞ եմ ասում, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցները իրենց քարոզչամեքենան և նաև իրենց պաշտոնական` Արտգործնախարարության մակարդակով, տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ ոչ միայն չեն կատարելու վճիռը, չեն իրագործելու, այլև քաղաքականացնում էին, Հայաստանին որակում դարձյալ որպես օկուպանտ երկիր, այսինքն` տանում են դեպի Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ որևէ ազդեցություն ունենալուն:

-Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման առումով այս վճիռը բացարձակ որևէ նշանակություն չի կարող ունենալ մի քանի պատճառներով, պատճառ առաջին` այս վճիռները վերաբերում են և հենց կոնտեքստը այնպիսին է, բնույթը այնպիսին է, որ վերաբերում է բացառապես մարդու իրավունքների հարցերին: Եվ Եվրոպական դատարանը...

Գույքի, անձի գույքի:

-Այո, կոնկրետ անձի, կոնկրետ գույքի օգտագործման իրավունքի պաշտպանության եղանակներին և դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը իր վճռում հատկապես, բազմիցս նշում է, որ այս գործի քննության իմաստով Եվրոպական դատարանը հանգում է այս եզրակացությանը և այլն, և այլն: Այսինքն` կոնֆլիկտի տեսակետից, կոնֆլիկտի լուծմանը, կամ կոնֆլիկտի ներազդելու իմաստով Եվրոպական դատարանը ինքն է նշել, որ ձեռնպահ է մնում որևէ նման գնահատական տալուց:

Քաղաքական:

-Իհարկե: Եվ ամենակարևորը` ձևակերպումների մասով, որ Դուք մեջբերեցիք, սա, իմ համոզմամբ, սա այս վճռի ամենակարևոր նշանակություն ունեցող հանգամանքն է, ասեմ` ինչու, Եվրոպական դատարանի նախադեպում և համաշխարհային իրավունքի տեսակետից բազմաթիվ են եղել նման դեպքերը, երբ որ վեճի առարկան եղել է չճանաչված պետությունների տարածքում իրականացված այս կամ այն կոնֆլիկտների պարզաբանումը և լուծումը: Եվ եղել են դեպքեր, օրինակ` հիմա կարող եմ 2 օրինակ բերել, որ Եվրոպական դատարանի համար կոնկրետ նախադեպ են հանդիսացել. Կիպրոսի գործը, այսինքն` Հյուսիսային Կիպրոսում վեճերի կարգավորման ընթացքը, երկրորդը` Տրադնեստրիայի հետ կապված, այսինքն` Ռուսաստանի և Մոլդովիայի հետ կապված Տրադնեստրիայի մասով ևս ներկայացվել է հայց, երկու գործերում էլ, որոնք հիմնական գործերն են, Եվրոպական դատարանը եկավ մի շատ կարևոր եզրակացության. ֆիքսեց Կիպրոսի մասով` Թուրքական իշխանությունը օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, ուղղակի նշեց իր վճռում, Իլաշկուն ընդդեմ Մոլդովիայի և Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանը ուղղակի ֆիքսեց, որ Ռուսաստանի բանակը ուղղակի օկուպացրել է Տրադնեստրիան, թեև էլի մարդու իրավունքներին է վերաբերում, Հայաստանի վերաբերյալ գործով, այսինքն` Չիրագովի վերաբերյալ գործով, ոչ միայն նման արտահայտություն չկա, այսինքն` օկուպացրել, օկուպացիայի մասին ընդհանրապես խոսք չկա, ավելին` այդ նույն վճռում Եվրոպական դատարանը սահմանում է, որ, ինչպես մեջբերեցի, Հայաստանի Հանրապետությունը չունի իշխանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, մարդկանց և որևէ մեկի նկատմամբ, այլ ընդհամենը ունի իրավազորություն, հիմա բացատրեմ` ինչ է նշանակում այդ իրավազորությունը:

Վճռի իրագործումը որ դրվում է, դա նկատի ունե՞ք, վճռի իրագործումը Հայաստանի վրա է դրվում:

-Այո, խնդիրը հետևյալում է, որ Եվրոպայի խորհրդի քաղաքականությունն այնպիսին է, որ Եվրոպայի տարածքում չպետք է լինեն այնպիսի տարածքներ, որոնք վակուումային իրավիճակներ ստեղծեն մարդու իրավունքների պաշտպանության առումով, ինչու՞, որովհետև դա էլ հիմք է ընդունել նույն ձևով միջազգային արդարադատության դատարանի` Նամիբիայի գործով կայացած վճիռը, որտեղ սահմանել է, որ չի կարող լինել այնպիսի վակուումային իրավիճակ, երբ որ մարդու իրավունքը որևէ կերպ պաշտպանված չլինի: Եվ Եվրոպական դատարանը այս դեպքում այդ պաշտպանության պարտականությունը դրել է Հայաստանի Հանրապետության վրա, ավելին` այդ պարտականությունը դրել է, կրկնվեմ, ոչ թե օկուպացիայի հիմքով, որովհետև ինքնին հերքել է, որ օպկուպացիայի մասին խոսք լինել չի կարող, այլ միայն այն հիմքով, որ Հայաստանի Հանրապետությունը ունի տնտեսական, սոցիալական, քաղաքական օգնության, օժանդակության ուժով իրավազորություն և ամենակարևորը` Հայաստանի Հանրապետության ազդեցության ուժով, ազդեցության. ինչու եմ այս փաստն հատկապես նշում, որովհետև շատ էր քննարկվում, և նույն Եվրոպական դատարանը իր վճռի մեջ նշում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որտեղ շատ են ինչ–որ... հատկապես ադրբեջանական մամուլն ինչ-որ մեկնաբանություններ է անում, ինչ-որ վկայակոչումներ է անում, բայց ես նույն այդ 4 բանաձևերում, որը որ հիմք է ընդունել նաև Եվրոպական դատարանը ընդհամենը խոսում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ազդեցություն: Որևէ տեղ չի ֆիքսում, որ օկուպացրել է որևէ տարածք կամ ունի իշխանություն և այլն, ավելին ասեմ, եթե Անվտանգության խորհրդի այդ բանաձևից որևէ մեկում լինի նման ձևակերպում ես համոզմունք ունեմ, որ Եվրոպական դատարանը նույն ձևակերպումը տալու է նաև իր վճռում, ոնց որ արդեն ասացի, թե Տրադնեստրիայի թե Հյուսիսային Կիպրոսի գործով Ռուսաստանի և Թուրքիայի մասով:

Պարոն Կոստանյան, Հայաստանը որպես փաստարկ նշե՞լ է արդյոք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից իրականացված ռազմական գործողությունները միջազգային իրավունքի խախտում չեն հանդիսացել ի վերջո:

-Ուրեմն` Հայաստանի Հանրապետությունը` կառավարությունը, ոչ միայն այդ փաստարկը ներկայացրել է  զուտ, այլև այդ փաստարկը հիմնավորել է նաև միջազգային իրավունքի տեսակետից: Եվ մեր ամբողջ դիրքորոշումը կառուցված էր նրա վրա, որ մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, միանշանակ, և մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացման և միջազգային իրավունքի պաշտպանության տեսակետից և այդ փաստարկը ոչ միայն ներկայացրել ենք, այլև պատշաճ կարգով հիմնավորել ենք, և հենց դրանով է պայմանավորված, որ Եվրոպական դատարանը նաև զերծ է մնացել որևէ ձևակերպումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր կողմից նշված այդ սկզբունքը:

Մեկ բան էլ. այդ դեպքում ի՞նչ նպատակներ են հետապնդում Ադրբեջանի այս հայտարարությունները, Ադրբեջանի կողմից այս հայտարարությունները, նախ հայտարարությունը, որ իրենք չեն իրականացնելու վճիռը, չեն կատարելու, այն դեպքում, երբ որ բեկանման ենթակա չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որևէ վճիռ և այս` Լեռնային Ղարաբաղի հարցի ուղղությամբ այս վճիռը շահարկելու թեման ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը:

-Ես կարծում եմ...ես 2 ուղղությունով ասեմ, առաջին` վճռի չկատարման հետ կապված հայտարարությունը. ես կարծում եմ, օրինակ ես նման հայտարարություն չէի անի, ինչու՞, որովհետև անկախ նրանից դու համաձայն ես այդ վճռի հետ թե համաձայն չես Եվրոպական դատարանի պես հեղինակավոր կառույցին չի կարելի այդպես վերաբերվել, այսինքն` մենք կարող ենք քննարկել վճռի կատարման եղանակը, ձևերը, ավելին` նկատի ուենալով, որ Եվրոպական դատարանը իր իսկ վճռում սահմանել է, որ հասկանալով, որ բավականին բարդ ընթացքի մեջ է մտել, մեկ տարով ժամկետ է տվել պետություններին և դիմումատուներին, որպեսզի քննարկեն վճռի կատարման ձևերը և եղանակները: Այսիքն` մենք հարգանքով ենք վերաբերվում Եվրոպական դատարանի վճռին` անկախ նրանից մենք համաձայն ենք, թե համաձայն չենք, կամ ինչ չափով ենք համաձայն և այդ հարգանքի դրսևորման արդյունքը նաև նա է, որ մենք քննարկման առարկա մեկ տարվա ընթացքում կդրաձնենք` վճռի կայացման ո՞ր միջոցին ենք մենք համաձայն, որ միջոցին` ոչ, բայց այս հարցով ես կուզենայի հատկապես նշել ևս մի կարևոր հանգամանք` վճռի կատարման պրոցեսի մասով ևս կա միջազգային փորձ ու չճանաչված պետությունների մասով հատկապես, որ վճռի կայացման պրոցեսում, որ վճռի կայացման գործընթացում ուղղակիորեն ընդգրկվում են նաև այդ չճանաչված պետությունները: Եվ նույն Հյուսիսային Կիպրոսի դեպքում, այսինքն` Լուիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը եկավ այն եզրահանգման և արդյունքում նախարարների կոմիտեում քննարկման առարկա դարձավ և Հյուսիսային Կիպրոսը` որպես չճանաչված պետություն, որպես միավոր, ներգրավվեց պրոցեսի մեջ` փոխհատուցման ընթացքի վերաբերյալ և սրանով է պայմանավորված այն հանգամանքը նաև, որ հիմա արդեն այս պրոցեսի ընթացքում մենք փորձ ենք անելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուղղակիորեն այս ընթացքի մեջ ներգրավվի որպես լիիրավ կողմ, սուբյեկտ` միջազգային իրավահարաբերության:

Վճռի կատարմա՞ն:

-Այո:

Պատկերացնու՞մ եք բայց, պարոն Կոստանյան` ինչքան են լինելու դեպքերը, հոսքը այս իմաստով փախստականների:

-Պատկերացնում եմ:

Ու որքան էլ որ այս դեպքում ֆինանսական մասն այնքան էլ հետաքրքիր չէ, քաղաքական մասը վճռի դոմինանտ ու կարևոր նշանակութոյւն ունի, բայց ամեն դեպքում հսկայական պահանջներ են գումարային ներկայացվում, ինչ...

-Հասկանում եմ, պահանջ ներկայացնելը մի հարց է, պահանջը հիմնավորելը երկրորդ հարցն է, որովհետև ինքնին պահանջը ներկայացնելու փաստը բավարար չէ այդ պահանջը բավարարելու համար, դրա համար ստեղծվում են համապատասխան մարմիններ, դրա համար կան իրավական և փաստական, փաստաթղթային այնպիսի հիմքեր, որոնց առկայության դեպքում միայն համապատասխան պահանջը ենթակա է բավարարման, բայց սա բավականին երկար պրոցես է և մենք առաջինը չենք ու վերջինը չենք, որ նման պրոցեսի մեջ մտնում ենք, կարևորը որ... մեզ համար շատ կարևոր է, որ այդ պրոցեսը կազմակերպելու ենք միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան:

Շնորհակալ եմ, պարոն Կոստանյան, իհարկե, հարցերը շատ էին, բայց չհասցրեցինք, ժամանակը կարճ է` ինչպես ասում են, հարգելի հեռուստադիտող, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի:

-----------------------------------------------------------------------------

Հարցազրույցն ամբողջությամբ

Գևորգ Կոստանյան. «Հարցազրույց»

12.12.2014

Առաջինի եթերում «Հարցազրույցն» է, ինչպես գիտեք,Հայաստանը արդեն 10 տարի է անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Հենց այս առիթով դեկտեմբերի 15-ին` եկող երկուշաբթի, Երևանում կհրավիրվի Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման թեմայով միջազգային գիտաժողով: Բավականին ներկայացուցչական կազմով, այդ թվում` հյուրեր արտերկրից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, հանրապետության գլխավոր դատախազ` Գևորգ Կոստանյան, բարև Ձեզ:

-Բարև Ձեզ:

Մենք այսօր թեմատիկ զրույց ենք վարելու, բայց մինչ այդ թեմատիկ զրույցին անցնելը, ես չեմ կարող չճշտել Ձեր վերաբերմունքը վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, մասնավորաբար, Արամ Մանուկյանի` պատգամավորի հետ պատահած դեպքի առնչությամբ:

-Դա, բնականաբար, խիստ դատապարտելի է և ես վստահ եմ, նաև պաշտոնի բերումով վստահեցնում եմ, որ արվում է ամեն ինչ, այսինքն` և՛ օպերատիվ հետախուզական, և՛ քննչական անհրաժեշտ բոլոր գործողությունները ձեռնարկվում են` և պատշաճ մակարդակի են ձեռնարկվում, և ես համոզմունք ունեմ, որ բոլոր դեպքերում մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն: Որովհետև դա ոչ միայն պետության, ոչ միայն անձին ուղղված հանցագործություն է, այլ պաշտոնատար անձի, պատգամավորի նկատմամբ ոտնձգությունը շատ ավելի ծանր վերաբերմունք է և ուղիղ հարված է պետությանը և պետության հեղինակությանը:

10-րդ հոբելյանական...10 տարի արդեն անդամակցում եք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, հոբելյանական առիթով եք հավաքվում, ուզում եմ հարցնել. առիթը պարզապես հոբելյանակա՞ն է, թե՞ կունենա այս համաժողովը նաև գործնական նշանակություն:

-Ավելի շատ հոբելյանական է, ինչու՞, որովհետև մենք ուզում ենք ամփոփենք, այդ թվում` եվրոպայի խորհրդի պատկան մարմինների մասնակցությամբ, ամփոփենք այս 10 տարիների ընթացքում Եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ամբողջ ընթացքը, արդյունքները, որոնք մենք ակնկալում էինք և ունենք փաստացիորեն և, բնականաբար, այդ ամբողջը իր հերթին կհանգեցնի նրան, որ մենք, ըստ էության, կնախանշենք այն ուղղությունները, որոնք մենք պետք է այսուհետև ձեռնամուխ լինենք այդ հարաբերությունների մեջ: Սա է հիմնական ուղղությունը:

Այսինքն` դատարանի հետ մեր աշխատանքն արդյունավե՞տ եք գնահատում:

-Ես կարծում եմ արդյունավետ է, որովհետև արդյունավետությունը ընդհանրապես` դատարանի հետ աշխատանքի և կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի, ըստ էության, 2 ուղղությամբ կարող ենք չափել: Չափման առաջին միավորը` դա դասական փաստաբանական գործառույթի տեսակետից` ինչպես կարելի է մեկնաբանել գործունեության արդյունավետությունը:

Քանի դատքանի վճիռ:

-Քանի դատ, քանի վճիռ, ինչքանը` բարեհաջող, ինչքանը` ոչ, և երկրորդ` թե այդ ամբողջը հանգեցրե՞լ է արդյոք երկրում մարդու իրավունքների զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ավելի արդյունավետ դարձնելուն: Այսինքն` երկու կոմպոնենտ կարող ենք մենք բերել այս առումով, առաջին տեսակետից եթե վերցնենք, այսինքն` զուտ փաստաբանական տեսակետից, ես կարծում եմ, որ ինքնին թվերը կարող են որոշակի հետևությունների հիմք հանդիսանալ, որովհետև դասական իմաստով ես հանդիսանում եմ, այսինքն` կառավարության լիազոր ներկայացուցիչը հանդիսանում է պետության փաստաբանը Եվրոպական դատարանում, քաղաքացին ընդդեմ պետության հայց է ներկայացնում և ես պաշտպանում եմ պետության շահերը, պետության փաստաբանն եմ հանդիսանում, և այդ տեսակետից կարող ենք երկու ուղղություն նաև վերցնել, այսինքն` պաշտպանում ես խախտում ճանաչելու կամ խախտման ճանաչումը հերքելու շուրջ կոնկրետ հայցի առնչությամբ, և երկրորդ` ինչքան փոխհատուցում պետք է տրվի պետության կողմից, այսինքն` ֆինանսական ուղղությունը ևս պետք է հաշվի առնենք: Առաջին կոմպոնենտի առումով կարող եմ ընդամենը մեկ քանի համադրություն անցկացնել, տեսեք. 10 տարվա ընթացքում Հայաստանի դեմ ներկայացվել է շուրջ 2000 հայց և միայն 49 գործերով է դատարանը ճանաչել...դատարանը վճիռներ կայացրել և շուրջ 120 գործերով դատարանը որոշում է կայացրել անընդունելիության:

Այս վիճակագրությունու՞մ է Ձեր նշած արդյունավետությունը:

-Այո, իմ խորին համոզմամբ այո, որովհետև 2028 հայցերից 1050-ը ի սկզբանե դատարանի կողմից և, այդ թվում` կառավարության առարկությունների արդյունքում, դատարանի կողմից հայցերը մերժվել են և միայն 48 դեպքով է, փաստորեն, արձանագրվել խախտում, այսինքն` ամբողջ դիմումների ծավալի 2.4%-ով ընդամենը մենք ունենք վճիռներ, որոնցով ճանաչվել է մարդու իրավունքների խախտումներ:

Պարոն Կոստանյաններողությունիսկ որոշ վիճակագրությամբ կամ որոշակի տեղեկատվության համաձայնմեր գործերը եվրոպական դատարանում 

այնքան էլ լավ չեն:

-Ես չգիտեմ էդ ինչ տեղեկատվության մասին է խոսքը...

Ես նկատի ունեմ այն դեպքերըերբ վճիռները ոչ կառավարության օգտին են կայացվելդուք նշեցիք 48 դեպքերբ Հայաստանի կառավարությունը 

ստիպված է եղել վճարել որոշակի գումարորոշակի գործերի առնչությամբ:

-Հիմա ես վճարման տեսակետից ևս խոսեմ, նախ, ես բացարձակ չեմ համարում, որ գործերը վատ են, որովհետև մենք կարող ենք նաև համեմատություն անցկացնել նաև այլ երկրների, այդ թվում` մեր հարևան երկրների միջև և վստահ եմ ու նաև վստահեցնում եմ, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան պաշտոնյան, երբ որ ամսի 15-ին կներկայանա, ինքը իսկ կխոսի այդ մասին, որը կարծում եմ բոլորի համար համոզիչ և տեսանելի կլինի: Ինչ վերաբերում է գումարային արտահայտությամբ գործերը լավ կամ վատ լինելու հանգամանքին, ապա այս դեպքում ևս ես բացարձակ չեմ համարում, որ մեր գործերը վատ են, օրինակ...

Հյուսիսային պողոտայի դեպքում:

-Օրինակ, հիմա այդ թվում դրան կանդրադառնամ, տեսեք, Եվրոպական դատարանի վճիռներով պահանջվել է, այսինքն` Եվրոպական դատարան ներկայացված հայցերով երկրից պահանջվել է 15 մլն եվրոյի չափով փոխհատուցում, այսինքն` երբ որ մենք վերցնում ենք ամբողջ ծավալը, երկրից` Հայաստանի Հանրապետությունից, մինչև հիմա 15 մլն եվրո փոխհատուցում է պահանջվել և միայն 546 հազար եվրոն է դատարանը ճանաչել փոխհատուցման ենթակա, ընդ որում, այս դեպքում ևս, ես ասեմ, որ երբ որ մենք ստանում ենք հայցը, մի խումբը զբաղվում է տվյալ հայցի վերաբերյալ նյութական իրավունքի խախտման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը պաշտպանելով, մյուս խումբն ուղղված է ֆինանսական պահանջները, այսինքն` ֆինանսական փոխհատուցման չափը նվազեցնելուն ուղղված և դրա արդյունքում 15 մլն եվրոյի համեմատությամբ մենք այսօր ունենք 546 հազար եվրո փոխհատուցման պարտականություն, որոնց մի մասը վճարվել է, ընդ որում, այս տեսակետից ևս ասեմ, որ այդ ամբողջական գումարը չի որ պետական բյուջեից է վճարվել, որովհետև մասնավորապես Հյուսիսային պողոտայի դեպքում, երբ որ մենք արդեն ունեինք հայցերը, կառուցապատողները, որոնք որ ներգրավված են եղել այդ պետության կարիքների համար գույքերը վերցնելու գործընթացին, իրենք ցանկություն են հայտնել համապատասխան փոխհատուցմանը մասնակցելուն ուղղված և Հյուսիսային պողոտայի գործերով որևէ 1 դրամ անգամ պետական բյուջեի միջոցներից չի փոխհատուցվել:

Իրե՞նք են ցանկություն հայտնել թե՞ դատարանն է այդպես որոշել:

-Չէ, դատարանը պարտավորությունը սահմանում է պետության համար, բայց մինչև դատարանի վճիռ կայացնելը կառուցապատողներն իրենց ցանկությունը հայտնեցին, որ եթե կլինեն նման դեպքեր մենք պատրաստ ենք...

Դուք կոնկրետ դեպքեր նշեցիք, իսկ առհասարակ ո՞վ է վճարողը:

-Առհասարակ պետությունն է վճարում` պետական բյուջեից: Եվ, փաստորեն, այս 10 տարիների ընթացքում ընդհամենը 400 000 եվրո է փոխհատուցվել պետական բյուջեից` 15 մլն եվրոյի համադրությամբ:

Այստեղ մի մասնագիտական կարծիք կա, վերջերս ես նորից հանդիպեցի այդ կարծիքին, որ ճիշտ կլինի այստեղ դատավորներին պարտավորեցնել, նրանք, ովքեր սխալվել են այս գործերում, նրանց պարտավորեցնել վճարել այդ գումարը, որպեսզի հաջորդ անգամ ավելի զգոն լինեն:

-Ես չեմ կարծում, որ այդ մասնագիտական կարծիքը արդարացված է, որովհետև դատավորները օգտվում են ոչ միայն անձեռնամխելիությունից, այդ թվում` օգտվում են ֆինանսական անձեռնամխելիությունից, կոչվում է ֆինանսական ինդեմնիտետ, ինչը իրենց, փաստորեն, երաշխավորում է իրենց սխալ վճիռների արդյունքում նյութական պատասխանատու լինելու հանգամանքից: Այլ հարց է, որ եթե նման դեպքերում դատավորների նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվության եղանակ` նկատողություն կամ խիստ նկատողություն, որպես կարգապահական տույժ ենթարկելու, միաժամանակ, դատավորների նկատմամբ տույժի տեսակ է սահմանվում նաև մինչև 25% աշխատավարձի պահումը, ընդունենք` մինչև 6 ամսվա ընթացքում, բայց ամբողջական նյութական պատասխանատու դարձնել դատավորին` անթույլատրելի է:

Բայց եղե՞լ են դեպքեր, երբ դուք Ձեր նշածը կիրառել եք:

-Այո, ես «Հարությունյանն ընդեմ Հայաստանի» գործով, սա շատ արտառոց դեպք էր, ես այդ ժամանակ արդարադատության փոխնախարար էի նաև, և արդարադատության նախարարին դիմեցի տվյալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցելու միջնորդությամբ, վարույթը հարուցվեց, արդարադատության խորհուրդ ներկայացվեց և տվյալ դատավորը ենթարկվեց պատասխանատվության` խիստ նկատողություն, 6 ամսվա ընթացքում աշխատավարձի 25% պահումով:

Պարոն Կոստանյան, գլխավոր դատախազն ինչպես է համատեղվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնի հետ:

-Համատեղելիություն, եթե վերցնենք ծանրաբեռնվածության տեսակետից, շատ բարդ է, որովհետև բավականին ժամանակատար է և գործերի ընթացքը և ծավալը, երբ որ տեսնում ենք, շատ մեծ ռեսուրսներ է պահանջում, բայց եթե խոսում ենք նպատակահարմարության տեսակետից, նախ` Հայաստանը միակ երկիրը չէ, որ գլխավոր դատախազը հանդիսանում է նաև կառավարության լիազոր ներկայացուցիչ եվրոպական դատարանում, առնվազն այս պահին Եվրոպայի խորհրդի 4 անդամ երկրներում գլխավոր դատախազները հենց հանդիսանում են կառավարության լիազոր ներկայացուցիչները, օրինակ` Պորտուգալիայում գլխավոր դատախազի տեղակալն է հանդիսանում, իսկ նպատակահարմարության տեսակետից, ես կարծում եմ` շատ ավելի նպատակահարմար է, ինչու՞, որովհետև այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ նաև կառավարության լիազոր ներկայացուցիչ, դա ինձ բերում է այն մոտեցման, որ ես քրեական քաղաքականության իրականացման ընթացքում մեխանիկորեն, ինքնաբերաբար նաև, ուղղորդվում եմ և որպես ուղենիշ վերցնում եմ Եվրոպական դատարանի մոտեցումները և դա բերում է արդյունավետության:

Դա շահերի բախու՞մ է:

-Շահերի բախում այդտեղ չի կարող լինել, որովհետև Եվրոպական դատարանում էլ եմ ես պետության շահերը պաշտպանում, որպես դատախազ էլ ես պետության շահերն եմ պաշտպանում:

Հիմա գանք 2 կարևոր դատավարական պրոցեսների, որոնք հանրային հնչեղություն ունեն և վերաբերում են էլի Եվրոպական դատարանի գործունեությանը. 2015 թվականի հունվարի 28-ին սպասվում է թուրք հայտնի կուսակցապետի` Դողու Փերինչեքի գործով դատավարությունը, որտեղ Հայաստանը և Թուրքիան, կարծեմ, որպես 3-րդ կողմ են հանդիսանում, ճի՞շտ եմ ես նկարագրում:

-Այո:

Ո՞րն է մեր մասնակցության անհրաժեշտությունն այստեղ:

-Տեսեք, առաջին հայացքից այդ գործը, երբ որ ի սկզբանե դարձավ Եվրոպական դատարանի քննարկման առարկա, կարող էր նման դիրքորոշման հիմք հանդիսանալ, որ «Ինչու՞ է Հայաստանը միջամտում կամ ինչու՞ պետք է միջամտի», նկատի ունենալով, որ կա վեճ` Շվեյցարիայի կառավարության, Շվեյցարիայի և մի քաղաքացու միջև, որը վիճարկում է Շվեյցարական օրենքի կոնվենցիային համապատասխանության հարցը: Եվ ի սկզբանե այդպես էլ կար, դրա համար էլ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չմիջամտեց այդ պրոցեսին, այսինքն` գործի առաջին ատյանում` այսպես կոչված քննության ընթացքում, Հայաստանի կառավարությունը ձեռնպահ մնաց որևէ միջամտությունից` իմ կողմից արդեն արտահայտած դիրքորոշման պայմաններում: Վճռի կայացումից հետո իրավիճակը տրամագծորեն փոխվեց, ինչու՞, որովհետև Եվրոպական դատարանը իր որոշման մեջ արծարծեց այնպիսի հարցեր, որոնք շատ զգայուն էին և, մեր խորին համոզմամբ, հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարևոր և սկզբունքային նշանակությունը ունեին, որովհետև 2 ուղղություն վերցվեց, ուղղություն առաջին` այդ վճռով համեմատություն, նեգատիվ համադրություն անցկացվեց հոլոքոստի հետ` հոլոքոստը դիտելով որպես միջազգային իրավունքի կողմից ճանաչված փաստ, իսկ Հայոց Ցեղասպանությունը համարելով որպես դեռևս պատմական վեճ, այսինքն` 20-րդ դարի մարդկության դեմ ուղղված հանցագործություններից այդ 2 ամենաանընդունելի հանցագործությունների միջև անցկացվեց բացասական, նեգատիվ համեմատություն: Ինչը մեզ համար անընդունելի էր, որովհետև ներկայացրեցինք նաև թե...ոչ միայն փաստն է մեզ համար անընդունելի, այլև այն բանաձևը, որի հիման վրա դատարանը նման նեգատիվ համեմատություն էր փորձում անցկացնել: Այսինքն` առաջին ատյանում դատարանի քննությունից հետո վճռի պայմաններում մենք ունեցանք տրամագծորեն այլ տարբերակ, այլ մոտեցում, երբ որ դատարանը սկսեց քննարկման առարկա դարձնել այնպիսի փաստեր, որոնք արդեն դուրս էին Շվեյցարիա-քաղաքացի վեճի շրջանակներից: Եվ դրա համար, ընդ որում, բավականին երկար քննարկում գնաց անկեղծ ասած և հանրապետության նախագահը որոշում կայացրեց, որ մենք անմիջապես պետք է միջամտենք և մասնակցենք այս դատավարությանը` որպես 3-րդ կողմ, որովհետև առաջին անգամ է հայոց պատմության մեջ, և ընդհանրապես իրավունքի պատմության մեջ, որ Հայոց Ցեղասպանությունը իրավական հարթության մեջ քննարկման առարկա է դառնում: Եվ այդ պարագայում չմիջամտել կամ որևէ այլ կերպ ձեռնպահ մնալ մասնակցությունից, ես կարծում եմ` անընդունելի կլիներ` թե՛ մեր նախնիների և ցեղասպանության զոհերի, և թե՛ մեր ապագա սերունդների նկատմամբ: Ընդ որում, կարևորությունը նաև ինչումն է, որ, այո, և Հայաստանի և Թուրքիան այս գործում մասնակցությունը որպես 3-րդ կողմեր, այսինքն վեճը, դատավարությունը արդեն միջպետական մակարդակի է հասել:

Հունվարի 28-ին դո՞ւք եք մասնակցելու:

-Այո, այդ թվում ես: Այսինքն մենք մի փաստաբանական խումբ ունենք: Կառավարությունը ներկայացնում եմ ես՝ որպես ներկայացուցիչ, և փաստաբանական խումբը:

Ընդհանրապես ի՞նչ է սպասվում մեզ:

-Ընդհանրապես ես կարծում եմ, որ, ես հիմա նպատակահարմար չեմ համարի ասեմ, թէ ինչ փաստարկներ և ինչ մոտեցումներ եմ որդեգրում, չեմ կարծում դա ճիշտ, բայց վստահեցնում եմ և հավաստիացնում եմ, որ մենք ունենք ողջամիտ ակնկալիքներ հաղթանակ ունենալու համար:

Ես երկու գործ էլ մատնանշեմ: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»: Մի տեսակ փոխլրացնող գործեր են այստեղ: Բայց այստեղ հավասարության նշան դնելը ակնհայտորեն սխալ է: Ինչպե՞ս պիտի վարվել:

-Տեսեք իրականում հենց նպատակը նա է, որ երկու գործերն  էլ զուգահեռաբար ընդունվեցին վարույթ: Երկու գործերի քննությունը և քննարկումը զուգահեռ նույն օրերին է անգամ ընթացել, դատարանը փորձում է զուգահեռներ անցկացնել: Իհարկե, դրանք տրամագծորեն տարբեր են: Եվ նույն «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի պայմաններում առաջին հայացքից ևս կթվա, որ 6 փախստականներ դիմել են ընդդեմ Հայաստանի, իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ընդամենը 5 փախստականներ դիմել են ընդդեմ Ադրբեջանի: Ոչ: Դա այդպես չէ, որովհետև վեճի հիմքում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» դրված է մեկ այլ գաղափար: Արդյոք Հայաստանը ունի իրավազորություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության նկատմամբ: Այսինքն այստեղ արդեն վեճի առարկան նորից դուրս է գալիս անհատի ու պետության միջև հարաբերության շրջանակից: Այսինքն վեճի առարկան ընդլայնվեց և դարձավ արդեն միջպետական խնդիր, և, ընդ որում, նշեմ նաև, որ այս դեպքում ևս առաջին անգամ է, որ իրավական միջազգային իրավական հարթության մեջ է քննարկվում և քննարկվելու, փաստորեն, Ղարաբաղի և Հայաստանի իրավական, քաղաքական, ռազմական կապը:

Ուղղակի տպավորությունն այնպիսին է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ նրբություններին տեղյակ չէ, և ծանոթ չէ: Իրենց երևի պետք է իրազեկել, թէ իրականում այդ հակամարտության արմատները որտեղից և որտեղից են ծնվում այսպիսի դատավարություններ:

-Այդ պրոցեսը բավականին երկար է ընթացել և ես Ձեզ ընդամենը մեկ փաստ բերեմ: Նկատի ունենալով, որ 2006թ.-ից են այդ գործերը քննարկվում Եվրոպական դատարանում, և Ադրբեջանի կառավարության համար ակնհայտ է այն փաստը, համենայնդեպս, ինչպես իրենք են ներկայացնում, որ Հայաստանը ուղղակի ազդեցություն ունի Ղարաբաղի նկատմամբ, և Ղարաբաղը Հայաստանի իրավազորության ներքո է գտնվում և անգամ այդ պարագայում, փաստորեն, այս 6 տարիների ընթացքում չի կարողանում ապացուցել: Որովհետև մենք ներկայացնում ենք մեր փաստարկները, մենք անպայման վիճարկում ենք հակառակը և բավարար հիմքեր ներկայացնում ենք: Ընդ որում այն հանգամանքը, որ դատարանը ինքը դեռևս կողմնորոշման փուլում է, վկայում է նաև այն մասին, որ Եվրոպական դատարանի պատմության և իրավակիրառ պրակտիկայի մեջ էլ հազվադեպ, եթե ոչ եզակի դեպքն է, «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, որովհետև դա միակ գործն է, որ երկու անգամ քննարկվել է Եվրոպական դատարանի վերին պալատում: Որևէ գործ երկու անգամ չի քննարկվում:  

Պարոն Կոստանյան, Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը միայն Հայաստանին վերաբերող գործերի՞ն է միջամտում:

-Դասական իմաստով, այսինքն որպես կանոն այո: Բայց նկատի ունենալով, որ շատ դեպքերում Հայաստանի քաղաքացիները կարող են, այսինքն ազգությամբ հայերը, կամ Հայաստանի քաղաքացիները կարող են նաև իրավական հայցեր ներկայացնել այլ պետությունների նկատմամբ, նման դեպքերում Հայաստանի կառավարությունը որպես երրորդ կողմ, որպես կանոն ներգրավվում է: Ընդ որում շատ մի արտառոց, հետաքրքիր դեպք էլ տեղի ունեցավ: Այդ մասին, ընդ որում,  առաջին անգամ եմ խոսում: «Լաուցին ընդդեմ Իտալիայի» գործով: Շատ հայտնի և աշխարհահռչակ եվրոպական դատարանի նախադեպի իմաստով, եզակի մի գործով Հայաստանը ևս ներգրավվեց որպես երրորդ կողմ: Խնդիրը ինչումն էր, որ Իտալիայի դեմ հայց էին հարուցել, պնդելով, որ այն հանգամանքը, որ Իտալիայում, դասասենյակներում, դպրոցներում խաչ է ամրացված, դա խոչընդոտում է աշխարհիկ կրթություն ունենալու և ցանկություն ունեցող ծնողների իրենց երեխաների աշխարհիկ կրթությամբ կրթել: Եվ Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշում կայացրեց, վճիռ կայացրեց, որ այն հանգամանքը,  որ խաչերը փակցված են Իտալիայի դպրոցների պատերին դա խախտում է կոնվենցիան: Եվ ըստ էության հաջորդ քայլը պետք է լիներ նա, որ Եվրոպական, արդեն նախարարների կոմիտեն պետք է պարտավորեցներ Իտալիայի կառավարությանը որպեսզի դպրոցներում այլևս խաչեր փակցված չլինեին:  Եվ սա բավականին մեծ ռեզոնանց առաջացրեց: Ընդ որում բավականին մեծ ռեզոնանց առաջացրեց ամբողջ քրիստոնեական աշխարհում այն աստիճան, որ քրիստոնեական հոգևոր առաջնորդները քննարկումներ ունեցան այս հարցի հետ կապված: Այս գործով Հայաստանին առաջարկվեց ներգրավվել որպես երրորդ կողմ և այս դեպքում ևս հանրապետության նախագահի հանձնարարությամբ մենք ներգրավվեցինք որպես երրորդ կողմ: Եվ արդյունքում մենք ներկայացրեցինք մեր առարկությունները որի հիման վրա նաև Եվրոպական դատարանը բեկանեց «Լաուցին ընդդեմ Իտալիայի» գործով վճիռը: Եվ փաստորեն քրիստոնեական համայնքի շահերը այդ մասով պաշտպանվեցին: Այդ թվում Հայաստանի մասնակցությամբ:

Ես ենթադրում էի պարոն Կոստանյան, որ այս զրույցը կխլի մեր եթերաժամանակի ամբողջ հատվածը: Գոնե առյուծի բաժինը, բայց խլեց ամբողջը: Հիմա ես ուզում եմ Ձեզ հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել: Դատախազին չտալ հարցեր Հայաստանի ներքին կյանքին վերաբերող՝ սխալ կլիներ, եթե դուք ընդունում եք իմ հրավերը մեր հաջորդ հանդիպումը չի ուշանա՝ մենք ավարտում ենք մեր հարցազրույցը:

-Ավարտում ենք, շնորհակալություն, անպայման: Ամսի 15-ին էլ՝ երկուշաբթի օրը ես վստահ եմ, որ ասուլիս եմ հրավիրելու և այդ թվում այդ ժամանակ բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանել:

Ես խոսում եմ այս ձևաչափով մեր հանդիպման մասին:

-Պատրաստ եմ:

Շնորհակալություն: Այսքանը: Գևորգ Կոստանյան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հանրապետության գլխավոր դատախազ: Հաջողություն:

Գևորգ Կոստանյան. «Եվրոպական դատարանի վճիռները ընդդեմ կամ հօգուտ պետության չեն»

13.03.2010

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, Հայաստանի դատական  եռաստիճան համակարգի կայացրած վճիռներից դժգոհ ՀՀ  քաղաքացիները Եվրոպական դատարանում բողոքարկելու հնարավորություն ստացան: Յուրաքանչյուր անարդար ու անօրինական վճիռ ոչ միայն վարկաբեկում է մեր երկիրը, այլեւ հսկայական դրամական տուգանքները միջոցներ են խլում պետբյուջեից, ասել է թե՝ շարքային քաղաքացուց, ով, փաստորեն, իր գրպանից է վճարում թերուս կամ կաշառված դատավորի կայացրած սխալ վճռի համար:   

Զրույցը ՀՀ նախագահի օգնական, Եվրադատարանում մեր պետության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ՝ անդրադարձ է ՀՀ դատական համակարգ - Եվրադատարան աշխատանքին։

Պրն  Կոստանյան, ինչպիսի  պատասխանատվություն  է նախատեսված այն  պաշտոնատար անձանց  նկատմամբ, որոնց կատարած  խախտումների արդյունքում  եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում:

- Հարցը ՀՀ օրենսդրությամբ կարգավորված է հստակ եւ սպառիչ: Մոտեցումը հետեւյալն է. եթե եվրոպական դատարանը կայացնում է վճիռ, որով սահմանում է մարդու իրավունքների խախտում, որը տեղի է ունեցել պաշտոնատար անձի գործողությունների կամ անգործության արդյունքում, եւ եթե դրա հետեւանքով պետությանը հասցվել է վնաս, ապա պետությունն իրավասու է դիմել դատարան ընդդեմ տվյալ պաշտոնատար անձի, նրա անձնական գույքից իրեն հասցված վնասը փոխհատուցելու պահանջով: Խոսքը չի վերաբերում բոլոր պաշտոնյաներին. բացառություն են կազմում դատավորները, որովհետեւ դատավորների նկատմամբ նման ֆինանսական պատասխանատվության պահանջը կարող է առաջացնել եւ առաջացնում է ֆինանսական անկախության խախտում, ինչն անընդունելի է, հետեւաբար նման մեխանիզմը դատավորների նկատմամբ կիրառելի չէ: Դատավորների ֆիանանսական փոխհատուցման հարցն առաջ է գալիս միայն այն դեպքում, եթե վերջինիս մեղքն ապացուցված է լինում օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այսինքն, եթե ապացուցվեց, որ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, որով  պետությանը հասցվել է վնաս, այդ դեպքում կարող է խոսք լինել դատավորի գույքային նյութական պատասխանատվության մասին:

Ինչը մեր իրականության մեջ գրեթե չի կիրառվում: Եթե առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով, Վերաքննիչը թողել է անփոփոխ,նույնը Վճռաբեկը որից հետո եվրոպական դատարանը ՀՀ-ին ճանաչել է կոնվենցիան խախտող պետություն եւ խոշոր տուգանք սահմանել: Ըստ Ձեզ ով պետք է պատասխանատվություն կրի' առաջին, երկրորդ,  թե երրորդ ատյանի դատավորը:

-Դա կոնցեպտուալ  հարց է, որը հիմա էլ քննարկման  առարկա է մեր իրավագիտության մեջ: Նախ յուրաքանչյուր դատարան պետք է կայացնի դատական ակտ, արդարության եւ օբյեկտիվության սկզբունքով, եւ երբեք չառաջնորդվի այն կանխավարկածով, թե ինքը առաջին ատյանի դատարան է, եւ իր սխալը կուղղեն Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները: Այդ կանխավարկածը չի գործում մեր արդարադատության եւ ընդհանրապես արդարադատության համակարգում: Յուրաքնչյուր դատավոր ինքը պատասխանատու է իր կայացրած ակտի համար, եւ խնդիրն այն չէ, թե նրանցից որ մեկը պետք է խիստ կամ նվազ պատասխանատվության ենթարկվի: Խնդիրը հետեւյան է՝ Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ նման մեխանիզմ կիրառելի չէ: Ներկայումս քննարկվում է այն մոտեցումը, թե հնարավո՞ր է վճռաբեկի դատավորին ենթարկել պատասխանատվության, եթե Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է անձի իրավունքի խախտման փաստ ստորադաս դատարանների կողմից, իսկ վճռաբեկը կամ վճիռը թողել է ուժի մեջ կամ ընդհանրապես քննության չի առել: Մյուս երկու դատարանները հավասարաչափ պատասխանատու են:

Կարող եմ օրինակ բերել  Հարությունյանն ընդեմ Հայաստանի  արդարադատության խորհրդի որոշումը, որով նախկին արդարադատության նախարարը դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրեց, եւ առաջին ատյանի ու վերաքննիչի դատավորները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, այն տարբերությամբ, որ առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ կիրառվեց խիստ նկատողություն՝ 25 տոկոս աշխատավարձի պահումով, իսկ վերաքննիչի դատավորը ենթարկվեց ընդամենը նկատողության: Ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված նման սանկցիայի տարբերությունը, բայց իմ կարծիքով դատավորները պիտի հավասարաչափ պատասխանատու լինեն:

Այսօրվա  դրությամբ քանի՞  վճիռ կա ընդեմ  ՀՀ-ի, քանի՞ գործ է լուծվել հաշտությամբ, քանի՞ գանգատ է հաղորդակցվել պետությանը:

- Ես չեմ համարում  կամ չի կարելի համարել, որ  եվրոպական դատարանի վճիռները  ընդդեմ կամ ի օգուտ պետության են: Բոլորն էլ  կոչված են ապահովելու իրավական ապահովման արդյունավետությունը երկրում: Անկախ նրանից տվյալ վճռով կամ որոշմամբ հաստատվել է խախտման փաստ կամ խախտման բացակայություն, այդ վճիռներում պարունակվող մեկնաբանությունները եւ դրսեւորումները շատ կարեւոր են երկրի համար: Անգամ եթե ճանաչվել է խախտում, չի կարելի ասել, թե դա պետության դեմ է:

Կոնկրետ քանի՞ վճիռ է կայացվել:

- Ընդամենը 20 վճիռ  է կայացվել: Ես այս պահին չեմ  կարող ասել, թե քանիսի դեպքում  է ճանաչվել խախտում: Դրանցից  մեկը Եհովայի վկաների գործով հանրահայտ վճիռն է,որն անընդհատ շահարկվում էր: Միջազգային կազմակերպությունների կողմից շարունակ հարցապնդումներ էին լինում, թե ինչու են Եհովայի վկաներին դատապարտում չծառայելու համար, որ դա մարդու իրավունքների խախտում է եւ այլն: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը համարեց, որ խախտում չկա: Երկրորդը Բոջոլյանն ընդդեմ Հայաստանի գործն է, որտեղ վերջինս գտնում էր, որ սահմանափակվել է իր խոսքի ազատության իրավունքը: Ասեմ, որ նա ՀԱԿ -ի կողմից ներկայացված, այսպես կոչված, քաղբանտարկյալների ցուցակում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում, բայց Եվրոպական դատարանը հաստատեց, որ դատապարտումը արդարացված էր, եւ որեւէ խախտում չկար:

Բարեկամական կարգավորմամբ լուծվածները գերազանցո՞ւմ են ոչ բարեկամականին:

- 20 վճիռ կա արդար  դատաքննության խախտման վերաբերյալ: Հարաբերակցությունն այս պահին  ասել չեմ կարող, բայց դրանց  մեջ մտնում են նաեւ բարեկամական  կարգավորմամբ լուծվածները: Օրինակ՝ «Ճղլյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով, երբ հաշտության համաձայնագիր կնքվեց՝ ի դեմս Երեւանի քաղաքապետի ու հաստատվեց դատարանի վճռով:

Գանգատների մասով ի՞նչ կասեք:

- 2002-ից մինչեւ 2009-ի  ապրիլի 23-ը Եվրոպական դատարան  է ներկայացվել 1120 գանգատ, որոնցից 291-ը ի սկզբանե ճանաչվել են անընդունելի: Կառավարության հետ հաղորդակցվել է 105 գործ, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում, դրանցից 5-ն արդեն ճանաչվել են անընդունելի:

Մեր պետության  կողմից եղե՞լ են բողոքարկումներ:

- Իհարկե: Կան դեպքեր, երբ մենք համաձայն չենք Եվրադատարանի վճռի հետ: Կան դեպքեր, որ Եվրոպական դատարանը գործը չի ընդունել վարույթ, երբ պարզաբանել ենք, թե մեր երկրի բոլոր դատական ատյաններով չբղոքարկված գործերով են դիմել Եվրադատարան:

Հարցազրույցը՝ Ռուզան Ավոյանի 

Աղբյուրը՝ http://hra.am/hy/interview/2010/03/14/interview