Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի

04.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 2126/12) գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը, քննելով գանգատը Կոմիտեի կազմով, ճանաչել է այն անընդունելի:

Սույն գործով դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) նախատեսված իր` դատարան դիմելու իրավունքը, քանի որ ինքը զրկվել է առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ընթացքում արհեստական խոչընդոտներ է ստեղծել` մասնավորապես, դիմումատուին ի պատասխան վերջինիս դիմումի տրամադրած չլինելով գործին մասնակից երրորդ անձանց սպառիչ ցանկը: Դիմումատուն պահանջել էր Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել, որպես վնասների փոխհատուցում, իրեն վճարել 250,000 եվրո որպես նյութական վնասի, 50,000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 1,500,000 ՀՀ դրամ ծախսերի և ծախքերի համար:

Եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ վերաքննիչ դատարանը, դիմումատուի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու համար: Դիմումատուի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադաձվել է, քանի որ դրան չէին կցվել բողոքը գործին մասնակից բոլոր երրորդ անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ:

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ դիմումատուի ներկայացված գործի նյութերի մեջ նրա պնդումները հիմնավորող որևէ ապացույց չկա: Ավելին՝ ՀՀ կառավարությունը իր դիրքորոշման մեջ Եվրոպական դատարանին է ներկայացրել փաստաթուղթ, որը հստակ ապացուցում է, որ դիմումատուն դիմել է ներպետական դատարանին գործի նյութերին ծանոթանալու թույլտվություն ստանալու, այլ ոչ թե գործին մասնակցող անձանց ցուցակը տրամադրելու համար:

Եվրոպական դատարանը դիմումատուի գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ճանաչել է ակնհայտ անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի  35-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշել է այն համարել անընդունելի: