Logo
ECHR

Իրադարձություններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ

12.03.2015

ՀՀ արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ, Երևանում մարտի 12-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Կամիլ Գանգլոֆը, Միջազգային ինստիտուտների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության բաժնի աշխատակից Մաթիաս Կլոթը, ՄԻԵԴ նախկին իրավաբան, ԵԽ փորձագետ Անա-Մարիա Թելբիսը, ինչպես նաև Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԻԵԴ-ում գանգատների ընդունելիության նոր չափանիշներին և առկա մարտահրավերներին, ՄԻԵԴ-ում քննության ենթակա գործերի մեծ քանակի և դրանով պայմանավորված խնդիրների լուծման ուղիներին: Մասնավորապես՝ ներկայացվել են դատարանում գործերի կուտակման պատճառները, կրկնվող գործերի նկատմամբ մեթոդաբանական և համակարգված մոտեցումը, ձևավորված նախադեպային իրավունքների և դրա շրջանակում երեք դատավորներից բաղկացած հանձնաժողովի կողմից գործերի քննության կարգն ու այլ կարևոր հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նրա խոսքով՝ մեկնարկած այս ծրագիրը կապված է ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության գործունության հետ և ուղղված է Եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրմանը, դրանց առավել լիարժեք իրացմանը: «Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ-պետություն այսօր անհանգստացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև ծառացած խնդիրներով, և յուրաքանչյուր պետություն փորձում է միջոցներ ձեռնարկել այս ինստիտուտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասել է նախարարի տեղակալը:

 Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև ad-hoc (ժամանակավոր) դատավորների ինստիտուտի ներդրմանը, կարևորել մեկ դատավորի կազմով գործերի քննության կարգն ու ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետությունը: Ծրագրի համակարգող Կամիլ Գանգլոֆն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը համագործակցության համար և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում լիարժեք բարելավել մարդու իրավունքների երաշխավորման համակարգը, որը և գտնվում է Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ-պետությունների ուշադրության կենտրոնում»,- նշել է Կամիլ Գանգլոֆը: ԵԽ փորձագետ Անա-Մարիա Թելբիսը խոսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության և մարտահրավերների մասին, ներկայացրել ՄԻԵԴ-ում քննության ենթական գործերի վիճակագրությունը, ՄԻԵԴ-ում Հայաստանից քննության ենթակա գործերի քանակը: Տարեկան այն կազմում է 1040, որից 184-ը մեկ դատավորի կազմով քննվող գործեր են: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ դատական դեպարտամենտի, Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ իրավապաշտպաններ: