Logo
ECHR

Իրադարձություններ

Կոպենհագենի հռչակագիրն ընդունվել է

16.04.2018

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Դանիայի նախագահության հովանու ներքո ս.թ. ապրիլի 12-13-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգի շարունակական բարեփոխմանը նվիրված բարձրաստիճան համաժողով, որի շրջանակներում ընդունվել է Կոպենհագենի հռչակագիրը:

Լինելով 2010թ. Ինտերլակենում մեկնարկած գործընթացի բաղկացուցիչ մաս՝ այս քաղաքական փաստաթուղթը շարունակում է Ինտերլակենի (2010թ.), Իզմիրի (2011թ.), Բրայթոնի (2012թ.) և Բրյուսելի (2015թ.) համաժողովներում ընդունված հռչակագրերի տրամաբանությունը և միտված է ավելի հավասարակշռված համակարգի և բարելավված պաշտպանության ապահովմանը:

Կոպենհագենում կայացած բարձրաստիճան համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների պատվիրակությունները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահները, մարդու իրավունքների հանձնակատարը, ինչպես նաև այլ առանցքային անձինք և պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը: Ողջունելով Կոնվենցիոն համակարգի բարեփոխման գործընթացը՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Կոնվենցիայի ներպետական իմպլեմենտացման և Եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացմանը միտված տևական քայլեր ձեռնարկելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը: