Logo
ECHR

Իրադարձություններ

Առաջընթաց ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում

01.04.2016

2016 թվականի մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է 9-րդ տարեկան զեկույցը, որում ամփոփվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ 2015 թվականի տվյալները:

Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում առկա հաղորդագրության` վճիռների կատարման դրական միտումները շարունակվում են և 2015 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել են տպավորիչ արդյունքներ: 

Ընդգծելով ներպետական իշխանությունների հետ երկխոսության ձևավորման կենսական դերը, հատկապես՝ վճիռների կատարման գործընթացում, Նախարարների կոմիտեն բարձր է գնահատել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵԽ անդամ որոշ այլ պետությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Զեկույցի «Հատուկ միջոցառումներ» բաժնում ընդգծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի գործարկումը: 2015 թվականի սեպտեմբերի 30-ին գործարկված կայքը առաջինը և դեռևս միակն է ԵԽ անդամ պետությունների տարածքում: Կայքի ստեղծման հիմնական նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ Բրյուսելի հռչակագրի հիման վրա ԵԽ Նախարարների կոմիտեի որդեգրած նոր սկզբունքներին համահունչ:

Զեկույցում ամփոփված տվյալները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունն ակնհայտ առաջընթաց է գրանցել վճիռների կատարման հարցում:

Եթե 2014 թվականին փակվել են թվով 5 վճիռների կատարողական-վերահսկողական վարույթներ, ապա 2015 թվականին փակված գործերի քանակը եղել է 17։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2015 թվականին առաջին անգամ փակվել են Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներ, որոնք Նախարարների կոմիտեն վերահսկում էր հատուկ ընթացակարգով:

Համաձայն Զեկույցի՝ 2015 թվականին կատարման փուլում գտնվել է Հայաստանի վերաբերյալ 25 վճիռ: Սա նույնպես դրական տեղաշարժ է` նկատի ունենալով, որ 2014 թվականին այդ ցուցանիշը եղել է 34:

Զեկույցի «Հիմնական ձեռքբերումներ» բաժնում Նախարարների կոմիտեն Հայաստանի մասով առանձնացրել է դատարանի մատչելիության իրավունքի ընդլայնման, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման, այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենսդրական զարգացումները և ձեռքբերումները, որոնք նպաստել են մի շարք վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների փակմանը:

Զեկույցի «Իրավունքների պաշտպանությունը կալանավորման ընթացքում» բաժնում ԵԽ Նախարարների կոմիտեն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացված բարեփոխումներին։ Մասնավորապես, որպես արդար դատաքննության գործուն երաշխիքներ նշվել են վարչական դատավարության ոլորտի օրենսդրական զարգացումները, վարչական կալանքի վերացման փաստը, ընդգծվել է ձերբակալվածների և կալանավորվածների պահման վայրերի պայմանների բարելավումը, պահման պայմանների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող մեխանիզմները, խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունը, նշվել են նաև այլ ձեռքբերումներ:

Զեկույցում որպես առաջընթաց է գնահատվել նաև սեփականության օտարման գործընթացն առավել կանխատեսելի և հստակ դարձնելուն միտված օրենսդրության ընդունումը:

Ամփոփելով 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած գործողությունների ծրագրերն ու հաշվետվությունները՝ Նախարարների կոմիտեն ընդգծել է խոշտանգումը քրեականացնող ներպետական օրենսդրության զարգացումները և Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում ամփոփված վատ վերաբերմունքի կանխարգելման երաշխիքների առկայությունը: