Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

25.04.2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 25-ին հրապարակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36469/08) վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին ընթացող մեծածավալ բողոքի ակցիայի շրջանակներում դիմումատուի՝ հավաքների ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի և ենթադրյալ տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքին:

Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ իր՝ հավաքների ազատության իրավունքը խախտվել է Ազատության հրապարակում ոստիկանության անօրինական և անհամաչափ միջամտության արդյունքում: Դիմումատուն պնդել է նաև, որ չի ունեցել վերոնշյալ իրավունքի խախտման իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:

Եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում և Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոց) խախտում՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի զուգակցմամբ:

Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում) երաշխավորված իրավունքի ենթադրյալ խախտմանը, ապա Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի պնդումը ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման:

Եվրոպական դատարանը անհրաժեշտ չի համարել նաև քննել դիմումատուի Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) երաշխավորված իրավունքի ենթադրյալ խախտումը:

Սույն գործով դիմումատուն չի ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջ: