Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

20.09.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 20-ին հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 23086/08) վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին նախագահական ընտրությունների դեմ ընթացող մեծածավալ բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքական դրդապատճառներով ճնշումների ենթարկվելու վերաբերյալ ընդդիմադիր ակտիվիստ դիմումատուի գանգատներին: Դիմումատուն բողոքել է մասնավորապես առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի, իր ձերբակալությունը եղել է ապօրինի և իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ եղել է շինծու: Արդյունքում, նա դատապարտվել է ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի դանակ կրելու համար: 

Եվրոպական դատարանը միաձայն արձանագրել է՝

- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական և ընթացակարգային բաղադրիչների խախտում: Դատարանը բավարար հիմնավորված չի համարել, որ դիմումատու Սաղաթելյանի գլխի և մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները հասցվել են ոստիկանության և բողոքի մասնակիցների միջև բախումների ժամանակ, ինչպես նշվել է պաշտոնական վարկածով, և եկել է այն եզրահանգմանը, որ այդ վնասվածքները վատ վերաբերմունքի արդյունք են: Ավելին, սույն գործով երբևէ չի իրականացվել պաշտոնական քննություն հատկապես դիմումատուի՝ ոստիկանության աշխատակիցների բռնությունների հետևանքով պատճառված վնասվածքների վերաբերյալ պնդումների առնչությամբ.

 - Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի խախտում, առ այն, որ դիմումատուի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, քանի որ ձերբակալման փաստը պաշտոնապես չի արձանագրվել առաջին 16 ժամվա ընթացքում և 12 ժամով գերազանցել է դատավորի մոտ անհապաղ տարվելու ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետը.

 - Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի երրորդ կետի (ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունք կամ ազատ արձակում մինչև դատաքննության փուլը) խախտում, քանի որ իշխանությունները պատշաճ չեն հիմնավորել դիմումատու Սաղաթելյանի կալանքը.

 - Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում, քանի որ դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննությունը եղել է ոչ արդարացի: Մասնավորապես, դատարանները դիմումատուին դատապարտելիս հիմք են ընդունել միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները և ընդհանրապես մերժել են թե՛ դիմումատուի՝ գործում անհամապատասխանությունների առկայության վերաբերյալ պնդումները, թե՛ վերջինիս պահանջը գործով ներգրավել պաշտպանության կողմի վկաներ.

 - Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում: Եվրոպական դատարանը գտել է, որ ցույցի ցրումը, որը կրել է խաղաղ բնույթ, և դրան հաջորդած ակտիվիստների ձերբակալումները, ինչպես դիմումատու Սաղաթելյանի դեպքում, համաչափ և անհրաժեշտ չեն եղել: Կարծես թե, նա ի սկզբանե ձերբակալվել և հետապնդվել է պարզապես ցույցերին մասնակցելու համար, մինչդեռ արդյունքում նա դատապարտվել է առանց ներպետական դատարանների կողմից իր գործի պատշաճ քննության: Սա ոչ միայն խախտել է նրա՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների և միավորումների ազատության իրավունքը, այլ նաև կարող էր կանխել նրա և այլոց հետագա մասնակցությունը հավաքներին:

Դիմումատուն պահանջել է 70 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2 640 000 ՀՀ դրամ՝ որպես Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 15 600 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և ողջամիտ է համարել շնորհել նրան 5 000 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում: