Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ֆիլ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

31.01.2019

2019 թվականի հունվարի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՖԻԼ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» (թիվ 18526/13) գանգատի վերաբերյալ վճիռը, որով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի խախտում:

2008 թվականին դիմումատու ընկերությունն իր կատարած շինարարական աշխատանքների համար փոխհատուցման պահանջով դիմել էր դատարան:

Ներպետական դատարանները նշանակել են շինարարատեխնիկական փորձաքննություններ, որոնք պետք է իրականացներ արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների բյուրոն: Սակայն փորձաքննություն իրականացնել հնարավոր չի եղել համապատասխան ոլորտի փորձագետի բացակայության, տարածք մուտք գործելու անհնարինության և այլ պատճառներով: Արդյունքում գործի քննությունը ձգձգվել է մինչև 2017 թվականը՝ տևելով 9 տարի 2 ամիս:

Դիմումատուն գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ պնդելով, որ վարույթի տևողությունն անհամատեղելի էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջի հետ և վերջինս չի ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքի խախտման առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու հնարավորություն:

Դատարանը գտել է, որ գործը ձգձգվել է ներպետական դատարանների մեղավորությամբ, որոնք հինգ փորձաքննություն էին նշանակել ինը տարիների ընթացքում, սակայն չէին կարողացել ապահովել, որ այդ հանձնարարականներից չորսը կատարվեն: Հետևաբար Եվրոպական դատարանն արձանագրել է, որ առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (ողջամիտ ժամկետ):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ ներպետական դատարանների պարտականությունն էր ապահովել փորձաքննություն անցկացնելու պահանջի իրականացումը`ընտրելով առավել համապատասխան փորձագիտական կազմակերպություն և հետևելով սեփական հանձնարարականների անհապաղ կատարմանը՝ հարկ եղած դեպքում հարկադիր կատարման միջոցով, հետևաբար առկա է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում (պաշտպանության արդյունավետ միջոց):

Դիմումատու ընկերությունը պահանջել էր 4000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի համար  և 3096 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 2400 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 2000 եվրոյի չափով՝ կատարված ծախսերի և ծախքերի համար: