Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

14.10.2017

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 75604/11) գործով վճիռը, որով միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9–րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում:

Գործը վերաբերում է թվով չորս Եհովայի վկաների, ովքեր 2011 թվականին դատապարտվել են իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Թե´ տեղական իշխանությունների, թե´ դատարանների առջև նրանք պնդել են, որ թեև ներքին օրենսդրությունն ապահովել է զինվորական ծառայությանն այլընտրանք, այն իրականում չի եղել քաղաքացիական բնույթի, քանի որ վերահսկվել է զինվորական իշխանությունների կողմից:

Դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները խնդրո առարկա ժամանակահատվածում չեն կարողացել դիմումատուների խղճի և համոզմունքների համար համապատասխան պայմաններ ստեղծել և երաշխավորել այլընտրանքային ծառայության համակարգ, որով խախտվել է հասարակության և դիմումատուների շահերի միջև արդարացի հավասարակշռությունը:

Դատարանը գտել է, որ ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր դիմումատուին վճարի 12.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: